Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրամիության կողմից

Մարդկային զարգացման 
միջազգային կենտրոն

Միգրացիայի միջազգային 
կազմակերպություն

Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ:

«Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք»

29 Նոյեմբեր, 2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ս/թ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր  «Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք» խորագրով սեմինար:

Սեմինարը վարելու նպատակով Հայաստան է հրավիրվել Ուկրաինայի Սոցիալական քաղաքականության նախարարության փորձագետ՝ Իրինա Ռոզկան, որն անմիջականորեն մասնակցել է Ուկրաինայի կողմից աշխատանքային միգրացիայի և  աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության շուրջ այլ երկրների հետ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման գործընթացներին: Հատկանշական է, որ Ուկրաինայի հանրապետությունը ԱՊՀ շրջանակներում առաջիններից է, որը նման համաձայնագրեր է կնքել երկու տասնյակից ավելի արտասահմանյան (այդ թվում՝ եվրոպական) շուրջ երկրների հետ և ունի դրանց կիրակման արժեքավոր փորձ:

Սեմինարի ընթացքում ներկայացվել և քննարկվել են աշխատանքային միգրացիայի և աշխատանքային միգրանտների  իրավունքների պաշտպանության շուրջ միջազգային համաձայնագրերի կնքման արդի գործնական խնդիրները, համաձայնագրերի կնքման Ուկրաինայի փորձը, տեսակները, թիրախներն ու մոտեցումները, երկրների շահերն ու փոխհամաձայնության օպտիմալությունը, աշխատանքի թույլտվության խնդրի միջպետական կարգավորումը, ինչպես նաև «Հայաստանի կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող  Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» 1997թ. կնքված համաձայնագրին առընչվող գործնական խնդիրները:

Սեմինարը նաև նպատակ ուներ աջակցելու ՀՀ ԱՍՀՆ, ՄԶՄԿ և ՄՄԿ միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքների իրականացմանն, որը կնքվել էր ավելի վաղ այս տարի  «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԶՄԿ-ի կողմից Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: